Արև և լուսին

Արևն ու լուսինը աստծո զավակներն են. արևը աղջիկ է, լուսինը՝ տղա։ Հոր հրամանով նրանք պարտավորվում են գիշեր-ցերեկ հերթով հսկել աշխարհին։ Քույր ու եղբայր վիճակ են գցում, թե իրենցից ով գիշերը հսկի։ Վիճակն ընկնում է քրոջը՝ արևին։ Քույր ու եղբայր սկսում են տաք-տաք վիճել։ Աղմուկի վրա գալիս է հայրը։ Երբ իմանում է պատճառը, նախատում է լուսնին և հրամայում, որ նա գիշերները հսկի։ Լուսինը հանձն է առնում կատարել հոր կամքը։ Ապա աստված դիմում է աղջկան՝ արևին, առաջարկելով ցերեկները հսկել։ Արևն առարկում է, ասելով՝ որ ինքն իր աղջիկ տեղով ամաչում է օրը ցերեկով մարդկանց աչքին երևալ։

— Այդ դեպքում, — ասում է հայրը, — ձեռներիդ մեջ մեկ–մեկ խուրձ ասեղ բռնիր. ով որ կհամարձակվի քեզ նայել, ասեղներով ծակիր աչքերը։ 

Արևն ընդունում է այդ առաջարկությունը և այդ օրից սկսած հոր կամքը կատարում։