Մարմինների փոխազդեցությունը, ուժ

Մեր շուրջը գտնվող մարմինները մեկուսացված չեն և շատ հաճախ ազդում են մեկը մյուսի վրա, ինչի շնորհիվ ձեռք են բերում արագություն կամ փոխում են այն:

Դիտումներն ու փորձերը ցույց են տալիս.

1. Մարմնի արագությունը փոխվում է միայն այն դեպքում, երբ նրա վրա ազդում են այլ մարմիններ:

Օրինակ

Ֆուտբոլիստը ոտքի հարվածով կարող է շարժման մեջ դնել գնդակը, կանգնեցնել այն կամ փոխել գնդակի շարժման ուղղությունը:

2. Ոչ մի մարմին չի կարող միակողմանիորեն ազդել այլ մարմնի վրա առանց իր վրա կրելու նրա հակազդեցությունը:

Բոլոր մարմինները իրար վրա ազդում են փոխադարձաբար, այսինքն փոխազդում են:

Օրինակ

Երբ նկարում պատկերված տղաները, պարանը ձգելով, ազդում են իրար վրա, այդ դեպքում սկսում են շարժվել երկուսն էլ:

large.png

Դիտարկենք երկու փորձ սայլակներով.

ա. Սայլակներից մեկին ամրացված է առաձգական թիթեղ, որը ճկված է և կապված թելով: Եթե այրենք թելը, թիթեղը կուղղվի, բայց սայլակը կմնա անշարժ:

1-12.png

բ. Առաջին սայլակի դիմաց դնենք երկրորդ սայլակը: Եթե այրենք թելը, երկու սայլակներն էլ կսկսեն շարժվել միմյանց հակառակ ուղղություններով:

1-52.png

Մարմինները կարող են փոխազդել ոչ միայն անմիջականորեն հպվելիս, այլև` որոշակի հեռավորության վրա:

Օրինակ

Երկիրը ձգում է ոչ միայն իր վրա գտնվող մարմիններին, այլ նաև այն մարմիններին, որոնք գտնվում են որոշակի բարձրության վրա: Մագնիսը ձգում է իրենից որոշ հեռավորության վրա գտնվող երկաթե մեխերը և այլն:

magnet-gacc.gif

Ազդեցությունը քանակապես բնութագրելու համար օգտագործում են ուժ ֆիզիկական մեծությունը:

Օրինակ
Երբ մենք հրում ենք սեղանի վրա գտնվող չորսուն, ասում ենք, որ մեր կողմից չորսուի վրա ուժ է ազդում:
Մենք մարմնի վրա կարող ենք ազդել տարբեր ուղղություններով, հետևաբար` ուժն ուղղություն ունի:
Ուժը նշանակում են F (էֆ) տառով: Ինչպես ցանկացած ֆիզիկական մեծություն՝ ուժը նույնպես կարելի է չափել: Այդ պատճառով անհրաժեշտ է ընտրել չափման միավոր և չափողսարք:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *