Get me outta here!

Պաուլո Կոելիո, երկու պատմվածք

«Խոսեի սանդալները»

Շատ տարիներ առաջ, անհիշելի ժամանակներում Բրազիլիայի հյուսիսի գյուղերից մեկում ապրում էր յոթնամյա մի տղա Խոսե անունով: Դեռ շատ փոքր հասակում նա կորցրել էր ծնողներին և խնամակալվել ժլատ մորաքրոջ մոտ, որը, շատ փող ունենալով`համարյա ոչինչ չէր ծախսում իր զարմիկի համար:

 

Խոսեն, որ երբեք չէր իմացել սիրո նշանակությունը, կարծում էր, թե դա կյանքի սովորական  ձև է, և դրա համար ընդհանրապես չէր անհանգստանում:
Նրանք ապրում էին բավական հարուստ միջավայրում, բայց մորաքույրը տեղական  դպրոցի գլխավոր ուսուցչին համոզեց, որ զարմիկի ուսուցման համար գնի միայն մեկ տասներորդ մասը վերցնի, սպառնալով բողոքել պրեֆեկտին, եթե նա չընդունի իր առաջարկը:
Գլխավոր ուսուցիչը, համաձայնելուց բացի, ընտրություն չուներ, բայց և այնպես հրահանգեց ուսուցիչներին առիթը բաց չթողնել` վիրավորելու Խոսեին այն հույսով, որ նա իրեն վատ կպահի և տեղիք կտա դպրոցից վտարվելուն:
Խոսեն, որ երբևէ չէր իմացել սիրո նշանակությունը, կարծում էր, թե դա կյանքի սովորական ձև է:
Մոտեցավ ճրագալույցը: Գյուղի հոգևորականն արձակուրդում էր: Աշակերտները պետք է հավաքվեին եկեղեցում` գյուղից քիչ հեռու: Աղջիկներն ու տղաները քայլում էին, և հաշվի չառնելով Հիսուս Քրիստոսի ծննդյան օրը, խոսում այն մասին, թե ինչ են գտնելու իրենց կոշիկների մոտ հաջորդ օրը. նորօրյա հագուստ, թանկարժեք խաղալիք, քաղցրավենիք և հեծանիվ:
Դա առանձնահատուկ օր էր, այդ իսկ պատճառով աշակերտները լավ էին հագնված, բացի Խոսեից, որը հագել էր ամենօրյա պատառոտված իր սովորական հագուստը և այն նույն` մի քանի համար փոքր, ճղճղված սանդալները, որոնք չորս տարեկանում նվիրել էր մորաքույրը, ասելով, որ կստանա նոր զույգ, երբ դառնա տասը տարեկան: Երեխաներից ոմանք նրան հարցրին, թե ինչու է այդքան աղքատ և ասացին, որ ամաչում են այդպիսի շորեր ու կոշիկներ հագնող նման ընկերոջից:
Քանի որ Խոսեն երբեք չէր իմացել սիրո նշանակությունը, նրան ընդհանրապես չէին անհանգստացնում նրանց հարցերն ու մեկնաբանությունները:
Ինչևէ, երբ երեխաները մտան եկեղեցի, և Խոսեն, լսելով երգեհոնի ձայնը, տեսնելով վառ լույսերը, տոնական հագուստով միաբանությանը, մեկտեղ հավաքված ընտանիքներ, ծնողներ` փաթաթված իրենց երեխաներին, զգաց, որ ամենաաղքատն է նրանցից: Հավաքույթից հետո, մյուսների հետ տուն գնալու փոխարեն, նա նստեց եկեղեցու աստիճանին և լաց եղավ: Եվ քանի որ երբեք չէր զգացել քնքշանք, այդ պահին միայն հասկացավ, որ միայնակ է ու անօգնական` լքված բոլորի կողմից:
Միայն հետո Խոսեն նկատեց իր մոտ նստած փոքրիկ տղային` հավանաբար իր նման ոտաբոբիկ ու աղքատ: Առաջ երբեք չէր տեսել այդ տղային և կարծեց, որ նա պետք է երկար քայլեր` այդտեղ հասնելու համար: Մտածեց. նրա ոտքերը երևի սառած են:
Նրան կտամ իմ սանդալներից մեկը` գոնե ինչ-որ չափով կմեղմացնի ցավը:
Թեև Խոսեն երբեք քնքշանք չէր տեսել, գիտեր միայն  տառապանքի գինը, չէր ուզում, որ ուրիշներն էլ տառապեն: Իր սանդալներից մեկը տալով տղային` մյուսով վերադարձավ տուն: Սկզբում մեկ ոտքի վրա էր, հետո` մյուսի, այնպես որ ոտնատակերը շատ չմաշվեն քարքարոտ ճանապարհին: Տուն հասնելուն պես մորաքույրը նկատեց նրա  մի ոտքի  սանդալը և ասաց, որ խիստ կպատժվի, եթե մյուս օրը սանդալը չգտնի:
Խոսեն վախով պառկեց քնելու, որովհետև գիտեր, թե ինչպիսին են մորաքրոջ պատիժները: Ամբողջ գիշեր դողաց վախից, և երբ քունը մոտեցել էր, հյուրասենյակում ձայներ լսեց: Մորաքույրը ներխուժեց հյուրասենյակ, փորձելով իմանալ, ինչ է կատարվում:
Դեռևս քնաթաթախ Խոսեն սենյակի կենտրոնում տեսավ այն սանդալը, որ տվել էր փոքրիկ տղային: Այժմ, սակայն, նրա մոտ  էին տարբեր  խաղալիքներ, հեծանիվներ ու հագուստ: Իսկ հարևանները գոռում-գոչում էին, հայտարարելով, թե իրենց երեխաները թալանված են, որովհետև արթնանալով, իրենց կոշիկների մոտ ոչինչ չեն գտել:
Այստեղ շնչասպառ ներս մտավ այն եկեղեցու հոգևորականը, որտեղ նախորդ օրը
տոնակատարությունն էր. եկեղեցու աստիճաններին հայտնվել էր մանուկ Հիսուսը` ոսկեզօծ հագուստով և միայն մեկ սանդալով: Տիրեց լռություն, ամեն ոք պատկերացնելով Աստծուն` լուռ աղոթում էր: Մորաքույրը լալիս ու ներողություն էր խնդրում: Իսկ Խոսեի սիրտը լի էր ավյունով և սիրով:

Սուրբ Ծննդյան հեքիաթ սրինգ նվագող աղջկա մասին

Մի աղջիկ կար: Ամբողջ օրը նա սրինգ էր նվագում: Երբեմն այնքան արտասովոր էր լինում նրա նվագը, որ անցորդները կանգնում ու լսում էին:
Աղջիկը նվագում էր երկնքի մաքրության, օվկիանոսի խորության, անտառի թարմության, մարդկանց և նրանց ցանկությունների, նրանց զգացմունքների ուժգնության և անկայունության մասին: Մի խոսքով` այն մասին, թե ինչպես էր ինքը պատկերացնում կյանքը: Սակայն մի օր մարդիկ սկսեցին պատմել նրան այն մասին, որ կյանքում ամեն ինչ բոլորովին էլ այնպես չէ, ինչպես ինքն է պատկերացնում: Եվ հենց որ նա հավատաց մարդկանց, սրինգը դադարեց նվագել:
— Ինչո՞ւ չես ուզում նվագել, սրինգ, – հարցրեց տրտմած աղջիկը:
— Ոչ թե ես չեմ ուզում նվագել, դու այլևս չես լսում ինձ, – տխուր պատասխանեց սրինգը և լռեց:
Աղջիկը նստեց աթոռին և լաց եղավ: Ինչպե՞ս ապրել առանց սրինգի, չէ՞ որ դա միակ բանն էր, որ ինքը կարող էր անել:
— Մի տխրիր, – ասաց սրինգը, – դու դեռ լսո՞ւմ ես ինձ:
— Այո, – ասաց աղջիկը` ափով սրբելով արցունքները:
— Դե ուրեմն, կենտրոնացիր: Այս Սբ. Ծննդյան տոնին քո առջև կբացվի երկու աշխարհ. աշխարհ` ուրիշ մարդկանց աչքերով և աշխարհ` քո աչքերով: Սակայն ապագա կյանքի համար դու պետք է ընտրես դրանցից մեկը: Եթե դու նախընտրես աշխարհն ուրիշ մարդկանց աչքերով, կդառնաս ունկնդիր, և քո կյանքի աղբյուրը միշտ կենտրոնացած կլինի ուրիշների կարծիքների վրա: Իսկ եթե նախընտրես աշխարհը քո աչքերով, ապա հնարավոր է, որ կրկին լսես ինքդ քեզ և կրկին նվագես: Սակայն ստիպված կլինես այլևս ոչ ոքի չլսել և անգամ` չսխալվել:
— Օ, որքան լուրջ է այդ ամենը, – ասաց աղջիկը և արագ վեր կացավ աթոռից:
Մի քանի օր անց  Սբ. Ծննդյան տոնն էր: Տնեցիները հավաքվեցին հյուրասենյակում, սկսեցին քննարկել ինչ-որ բաներ, կատակել, վիճել: Սակայն աղջիկը նրանց չէր լսում: Նա խորհում էր`  երկու աշխարհներից ո՞րն ընտրել: Եվ հանկարծ սեղանի շուրջ հավաքվածներից մեկը բարձրաձայն ասաց. «Ես չեմ կարող գրել այնպիսի պիեսներ, ինչպիսիք գրել է Շեքսպիրը: Սակայն իմ առավելությունն այն է, որ ես կարող եմ գրել իմ պիեսները»: Մեծահասակները ծիծաղեցին, իսկ աղջիկը պապանձվեց, որովհետև հասկացավ, որ յուրաքանչյուր մարդու առավելությունն այն է, որ միայն ինքն է այդպիսին: Եվ ինչ-որ վառ և արտասովոր բան ստեղծելու համար բոլորովին էլ պետք չէ լսել այլ մարդկանց, որովհետև յուրաքանչյուր մարդ ինքնին հրաշք է, և այդ հրաշքը թաքնված է հենց իր մեջ: Պարզապես շատերը ժամանակավորապես մոռացել են այդ մասին, և ահա` չգիտեն ինչ անել` ուրիշների խորհուրդներին հետևելուց բացի: Աղջիկը դուրս վազեց սենյակից, վերցրեց սրինգը, վերադարձավ հյուրասենյակ և բարձրացավ աթոռին:
— Ուշադրություն եմ խնդրում: Հիմա ես ձեզ համար կնվագեմ:
Մեծահասակները ժպտացին, ծափահարեցին: Ահա թե ինչ արտասովորն է իրենց դուստրը: Ինչ ինքնավստահորեն է  ուշադրություն պահանջում իր հանդեպ, անգամ աթոռի վրա բարձրացավ: Իսկ երբ աղջիկը սկսեց նվագել, մեծահասակները լռեցին: Նրանց մտքով էլ չէր անցնում, որ այդ Սբ. Ծննդյան տոնին իրենց տանը տեղի էին ունենում իրական հրաշքներ: Հրաշքներ` իրենց աղջկա աչքերով:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Skip to toolbar