Թագավորության պայքարն արտաքին ուժերի դեմ

Մեր պատմության մեջ ավելի փառաբանված է Արգիշտի Առաջինը, քան նրա հաջորդ Սարդուրի երկրորդը, թեպետ վերջինս ավելի շատ տարածքներ է նվաճել։ Պատճառն այն է, որ Արգիշթին մինչև վերջ մնաց անպարտելի, իսկ Սարդուրի 2-րդն իր գահակալության վերջին շրջանում անհաջողություններ ունեցավ։

Ասորեստանը լիակատար շրջափակելու և ոչնչացնելու Վանի տերության ծրագրերը, որ մշակել էին Արգիշթի 1-ը և Սարդուրի 2-րդը, չիրականացան։ Ասորեստանի արքա Թիգլաթպալասար 3-րդին հաջողվեց Ք․ա․ 743 թ․ կասեցնել Սիրիայի տարածքում Սարդուրի 2-րդի առաջխաղացումը դեպի հարավ։ Դրանով Ասորեստանը փրկվեց լիակատար շրջափակման մեջ ընկնելուց։ Իսկ 8 տարի անց՝ Ք․ա․ 735թ․ Ասորեստանի արքան արշավանք ձեռնարկեց դեպի Տուշպա-Վան։ Թեպետ նա մայրաքաղաքը գրավել չկարողացավ, սակայն այդ արշավանքով Ասորեստանը վերականգնեց նախկին դիրքերը՝ Վանի տերության հետ դառնալով Առաջավոր Ասիայի երկու հզորագույն տերություններից մեկը։

Ասորեստանի դիրքերն ամրապնդեց նաև Սարգոն 2-րդը։ Նա հաջողությամբ օգտագործեց կիմերների ռազմաշունչ ցեղերի ասպատակությունները, որոնք Վանի տերություն էին ներխուժել հյուսիսից։ Հայտվելով երկու ճակատով հարձակվող թշնամիների միջև՝ Ք․ա․ 714թ․ Վանի տերության արքա Ռուսա առաջինն անհաջողություններ ունեցավ։ Սարգոն 2-րդն այդ տարի հարձակվեց Արդինի- Մուսասիրի գլխավոր տաճարի վրա և կողոպտեց այն։ Նա տաճարից առգրավվեց մի քանի տոննա կշռող ոսկյա և արծաթյա արձաններ, հսկայական քանակությամբ զենք ու զինամթերք։

Վանի թագավորությունը Ռուսա 2-ի օրոք։ Վանի թագավորությունը շարունակեց մնալ Առաջավոր Ասիայի հզոր տերություններից մեկը նաև Ռուսա 1-ի հաջորդների՝ Արգիշթի 2-ի և Ռուսա 2-ի օրոք՝ մինչև Ք․ա․ 7-րդ դարի կեսերը։ Հատկապես նշանավոր էին Ռուսա 2-ի գահակալության տարիները՝ Ք․ա․ 685-645։ Նա հաջողություններ արձանագրեց հատկապես դեպի արևմուտք կատարած արշավանքների ժամանակ։

Ռուսա 2-ը բարեկամական և դաշնակցային հարաբերություններ հաստատեց կիմերների հետ և նպաստեց նրանց՝ Փոքր Ասիայի արևելք տեղափոխվելուն։ Իսկ Փոքր Ասիայի տարածքից Ռուսա 2-ը կարողացավ կիմերներին ուղղել Ասորեստանի դեմ։ Փաստորեն դիվանագետ արքան ոչ միայն կարողացավ կանխարգելել կիմերների հնարավոր հարձակումներն իր երկրի վրա, այլև նրանց դարձրեց իրեն դաշնակից, ապա ուղղեց իր թշնամի Ասորեստանի դեմ։

Ռուսա 2-ը կատարել է նաև բազմաթիվ շինարարական աշխատանքներ։ Ներկայիս Երևանի տարածքում կառուցեց Թեյշեբաինի (Կարմիր բլուր) քաղաքը։ Այն նվիրված էր ռազմի և քաջության աստված Թեյշեբային։

Հարցեր և առաջադրանքներ

1․ Ասորեստանի ո՞ր արքաներին հաջողվեց վերականգնել իրենց տերության դիրքերն Առաջավոր Ասիայում։

Ասորեստանի արքա Թիգլաթպալասար 3-րդին հաջողվեց վերականգնել նախկին դիրքերը։
2․ Սարգոն 2-ը երբ է կողոպտել Արդինի-Մուսասիր տաճարը։

Ք․ա․ 714թ․ Սարգոն 2-րդը  հարձակվեց Արդինի-Մուսասիրի գլխավոր տաճարի վրա և կողոպտեց այն։
3․ Հատկապես ո՞ր կողմ էր ուղղված Ռուսա 2-ի նվաճողական քաղաքականությունը։

Նա հաջողություններ արձանագրեց հատկապես դեպի արևմուտք կատարած արշավանքների ժամանակ։

4․ Ո՞վքեր էին կիմերները։ Ի՞նչ քաղաքականություն իրականացրեց Ռուսա 2-ը կիմերների նկատմամբ։

Կիմերները ռազմաշունչ ցեղեր էր էին, որոնք Վանի տերություն էին ներխուժել հյուսիսից։

Ռուսա 2-ը բարեկամական և դաշնակցային հարաբերություններ հաստատեց կիմերների հետ և նպաստեց նրանց՝ Փոքր Ասիայի արևելք տեղափոխվելուն։ Իսկ Փոքր Ասիայի տարածքից Ռուսա 2-ը կարողացավ կիմերներին ուղղել Ասորեստանի դեմ։ Փաստորեն դիվանագետ արքան ոչ միայն կարողացավ կանխարգելել կիմերների հնարավոր հարձակումներն իր երկրի վրա, այլև նրանց դարձրեց իրեն դաշնակից, ապա ուղղեց իր թշնամի Ասորեստանի դեմ։
5․ Ի՞նչ գիտեք Թեյշեբաինի քաղաքի մասին։

Թեյժեբաինի քաղաը կառուցվեց ներկայիս Երևանի տարածքում և նվիրված էր ռազմի և քաջության աստված Թեյշեբային։

Ջերմային երևույթների բազմազանությունը

Տաքացնելիս կամ սառեցնելիս մարմինների հետ տեղի են ունենում որոշ փոփոխություններ. մարմինները մի վիճակից անցնում են մեկ այլ վիճակի, սեղմվում են կամ ընդարձակվում: Այս փոփոխություններն ընդունված է անվանել ջերմային երևույթներ:
Օրինակ
Ջերմային երևույթներ են՝ հալումն ու պնդացումը, գոլորշացումն ու խտացումը, եռումը, ջերմային ընդարձակումը:
Հալում և պնդացում
Նյութի անցումը պինդ վիճակից հեղուկ վիճակի կոչվում է հալում:
 Հալման հակառակ երևույթը, երբ նյութը հեղուկ վիճակից անցնում է պինդ վիճակի, կոչվում է պնդացում:
Որպեսզի նյութը հալվի, անհրաժեշտ է այդ նյութը տաքացնել մինչև որոշակի ջերմաստիճան: Բյուրեղային նյութերի համար այն խիստ որոշակի ջերմաստիճան է:
Այն ջերմաստիճանը, որի դեպքում նյութը սկսում է հալվել, կոչվում է հալման ջերմաստիճան:

Օրինակ

Մի շարք նյութերի հալման ջերմաստիճանը (°C)

սնդիկ -39 արծաթ 962 երկաթ 1539
սառույց 0 ոսկի 1064 պլատին 1772
անագ 232 պղինձ 1085 վոլֆրամ 3387
կապար 327 չուգուն 1200 ցինկ 420
ալյումին 660 պողպատ 1500

Հալման ջերմաստիճանում նյութը կարող է գտնվել և՛ պինդ, և՛ հեղուկ վիճակում:

0°C-ում ջուրը կարող է գտնվել և՛ պինդ, և՛ հեղուկ վիճակներում: Այդ ջերմաստիճանում սառույցը հալելու համար պետք է նրան էներգիա հաղորդել, իսկ ջուրը պնդացնելու համար՝ նրանից էներգիա վերցնել:

Հալման ընթացքում նյութի ջերմաստիճանը չի փոխվում:

Որոշ նյութեր, օրինակ՝ մոմը, ապակին, ձյութը, շոկոլադը չունեն հալման որոշակի ջերմաստիճան:
Այն նյութերը,որոնց անցումը մի վիճակից մյուս վիճակին տեղի է ունենում ոչ թե որոշակի ջերմաստիճանում, այլ՝ աստիճանաբար, անվանում են ամորֆ նյութեր:
Հալման և պնդացման երևույթները, դեռ հին ժամանակներից, մարդիկ օգտագործում են մետաղից տարբեր գործիքներ պատրաստելիս: Այդ նպատակով մետաղը հալում ու լցնում են նախապես պատրաստված կաղապարների մեջ և սառելուց հետո հանում կաղապարից:

 Նյութի անցումը հեղուկ վիճակից գազային վիճակի կոչվում է գոլորշացում: Հակառակ երևույթը, երբ նյութը գազային վիճակից անցնում է հեղուկ վիճակի, կոչվում է խտացում:

Հեղուկի գոլորշացումը տեղի է ունենում ցանկացած ջերմաստիճանում, սակայն որքան բարձր է ջերմաստիճանը, այնքան արագ է տեղի ունենում գոլորշացումը: Գոլորշացման արագությունը կախված է նաև հեղուկի տեսակից: Օրինակ` եթերը, սպիրտը միևնույն ջերմաստիճանում ավելի արագ են գոլորշանում, քան ջուրը:Երբ դրսում ցուրտ է, խոնավ բնակարանում ապակիները «քրտնում» են, դրանց վրա ջրի փոքրիկ կաթիլներ են հայտնվում:

Նմանապես ցուրտ և խոնավ գիշերներին դրսում խոտի վրա ցող է առաջանում: Նշված դեպքերում ջրային գոլորշին փոխակերպվում է ջրի, այսինքն՝ տեղի է ունենում խտացում:

Գոլորշացմամբ և խտացմամբ են պայմանավորված տեղումները (տե՛ս շարժանկար): Երկրի մակերևույթին գտնվող ջուրը գոլորշանալով սկսում է վեր բարձրանալ: Վերևում, որտեղ ջերմաստիճանը ցածր է, գոլորշին խտանում է և անձրևի տեսքով թափվում ներքև:

Գոլորշանում են նաև պինդ մարմինները, օրինակ՝ սառույցը։ Դրա հետևանքով դրսում կախված սպիտակեղենը չորանում է նաև ձմռան սառնամանիքին։ Հնարավոր է նաև հակառակը՝ գոլորշին անցնում է պինդ վիճակի: Օրինակ՝ եղյամի առաջացումը Գոլորշացման յուրահատուկ տեսակ է եռումը:
Հետևելով եռման պրոցեսին` կարելի է նկատել, թե անոթի հատակին ինչպես են առաջանում և, աստիճանաբար մեծանալով, վեր բարձրանում պղպջակներ (տե՛ս շարժանկար): Դրանք պարունակում են ջրում լուծված օդ և առաջացած ջրային գոլորշի: Յուրաքանչյուր հեղուկ եռում է խիստ որոշակի ջերմաստիճանում:

Այն ջերմաստիճանը, որի դեպքում հեղուկը եռում է, կոչվում է եռման ջերմաստիճան: Այն կախված է մթնոլորտային ճնշումից:
Նորմալ մթնոլորտային ճնշման դեպքում ջուրը եռում է 100°C ջերմաստիճանում: Եռման ողջ ընթացքում հեղուկի ջերմաստիճանը չի բարձրանում, չնայած մենք իրեն անընդհատ ջերմություն ենք հաղորդում: Հաղորդված ջերմությունը ծախսվում է ամբողջ ծավալից հեղուկի գոլորշացման համար:

Դասարանական աշխատանք.

Պատասխանել հարցերին

1. Ի՞նչ ջերմային երևույթներ գիտեք:

Ջերմային երևույթներ են՝ հալումն ու պնդացումը, գոլորշացումն ու խտացումը, եռումը, ջերմային ընդարձակումը:

2. Ո՞ր երևույթներն են կոչվում հալում և պնդացում:

Նյութի անցումը պինդ վիճակից հեղուկ վիճակի կոչվում է հալում: Հալման հակառակ երևույթը, երբ նյութը հեղուկ վիճակից անցնում է պինդ վիճակի, կոչվում է պնդացում:

3. Ո՞ր մեծությունն է կոչվում եռման ջերմաստիճան:

Այն ջերմաստիճանը, որի դեպքում հեղուկը եռում է, կոչվում է եռման ջերմաստիճան:

4. Ո՞ր եչրույթներն են կոչվում գոլորշացում և խտացում:

Նյութի անցումը հեղուկ վիճակից գազային վիճակի կոչվում է գոլորշացում: Հակառակ երևույթը, երբ նյութը գազային վիճակից անցնում է հեղուկ վիճակի, կոչվում է խտացում: